«Սասուն» համույթի նոր տեսասկավառակը կբաժանվի զորամասերին

12:31 • 05.02.11

«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի նոր «Նարոտ կարոտ» տեսասկավառակը կբաժանվի Հայաստանի և Ղարաբաղի զորամասերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:

«Նարոտը` սպիտակ-կարմիր թելն է, որը կապում են պարանոցին մկրտության ժամանակ: Ու կարոտն էլ խորհրդանշում է, որ մենք զրկվել ենք մեր մկրտությունից: Այսօր ես ապրում եմ Արագածի լանջերին, ու ցավում եմ, որ իմ նախնիների հողից զրկված եմ: Ու պետք է միշտ հոգ տանեմ, պայքարեմ ճշմարտության համար, իրական աշխարհի պահպանման համար»,- սկավառակի խորագիրը մեկնաբանեց Անդրանիկ Մանուկյանը:

Սկավառակն ունի ուսուցողական բնույթ: Տեսահոլովակներում ենթագրերով ներկայացվում են երգերի տեքստերը` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Սկավառակում ներառված են հայրենասիրական բնույթի վեցական երգ ու պար` Արաբոյի երգը, Գևորգ Չավուշին նվիրված երգ, Քերծին և այլն:

Տեսահոլովակները նկարահանվել են Վանում, Մուշում, Սասունում:

«Չավուշի երգի տեսահոլովակը նկարահանել ենք Արևմտյան Հայաստանում` հենց այն վայրում, որտեղ նա մահացել է»,- ասաց համույթի ղեկավարը:

«Կա ծափ պար, որը պարել են սասունցիները, Տարոնի ժողովուրդը, ու պարել են մարտի դուրս գալուց առաջ: Կա քերծի պարը, որը նույնպես մարտական պար է: Ցանկացա, որ հայ զինվորը, հայ սպան հասկանան, որ պետության պահպանման համար կարևոր է մաքրամաքուր մարդ լինելը, հոգին, հոգու ամրությունը: Կա չար, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Սկավառակի 2000 օրինակով բազմացման ու զորամասերում տարածման նախաձեռնությունը պատկանում է ԱԺ պատգամավորներ Մելիք Մանուկյանին և Մանվել Ղազարյանին: