Թոքմաջյանը պատվոգրով է վերադարձել սառցե քանդակների փառատոնից

15:46 • 05.02.11

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Կանադայում կայացած սառցե քանդակների փառատոնից վերադարձել է «Գեղեցիկ աշխատանքի համար» խրախուսական պատվոգրով:

Հայկական «Արարատ» թիմը` Թոքմաջյանն ու նրա եղբայրը, որը բնակվում է Կանադայում, մասնակցել են սառցե քանդակների երկու փառատոնների` հունվար 13-15-ը Էդմոնտոն քաղաքում և հունվարի 21-24-ը Լեյք Լուիս գյուղաքաղաքում: Նախապես հայտ ներկայացրած 130 թիմերից ժյուրին յուրաքանչյուր փառատոնի համար ընտրել էր Հայաստանի, Ռուսաստանի, Կանադայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:

Հայկ Թոքմաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ հայկական թիմն առաջին անգամ է մասնակցում նման փառատոնի:

«Սառույցը այլ աշխարհ է: Այն լեզու ունի, որը շատ կամակոր է, քմահաճ, ու սառույցին պետք է մոտենալ այնպես, ինչպես ինքն է ուզում: Սառույցի հետ աշխատելը նման է ապակու կամ ադամանդի հետ գործ ունենալուն: Միակ վատ կողմն այն է, որ գարունը գալուն պես քանդակները հալչում են»,- ասաց Թոքմաջյանը:

Քանդակը կերտելու համար մասնակիցներն իրենց տրամադրության տակ ունեին 15 մեծ սառցե կտոր և 3 օր ժամանակ:

Թոքմաջյանի խոսքերով` իրենց երկու աշխատանքների թեման էլ զուտ հայկական էին:

«Առաջին քանդակը կոչվում էր «Կարուսել»:Աշխատելիս հիշում էի Տերյանի ստեղծագործությունը, և այդ սառը երկրում այն ինձ ջերմություն էր հաղորդում: Լեյք Լուիս գյուղաքաղաքում «Խելահեղ աշխարհ» խորագրի տակ ներկայացրեցինք «Ծովերի թագուհին» կամ «Ծովինար» քանդակը»,- ներկայացրեց քանդակագործը:

Թոքմաջյանի խոսքով` ժյուրին գնահատում էր ավելի շատ տեխնիկական չափանիշներից ելնելով: Բուն ստեղծագործությունը, գեղագիտությունը, ըստ քանդակագործի, վերջին տեղում էր: