Սցենարիստների գիլդիան նախապատվությունը տվեց Քրիստոֆեր Նոլանի ֆիլմին
Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ «Սկիզբ» (Inception) կինոնկարը, որի գլխավոր դերակատարը հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն է, արժանացել է Սցենարիստների գիլդիայի մրցանակին` 2010-ի «Լավագույն ինքնատիպ սցենար» անվանակարգում:
Նյու Յորքում և Լոս Անջելեսում շաբաթ օրը տեղի ունեցած նույնատիպ միջոցառումների մրցանակակիր է դարձել «Սոցիալական ցանց» (Social Network) ֆիլմը, որտեղ նկարագրվում է Facebook սոցիալական ցանցի և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարիերայի արագընթաց վերելքը:
Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը, որի սցենարը գրել է Ահարոն Սորկինը, հաղթել է «Սցենարի լավագույն հարմարեցում» անվանակարգում, իսկ ինքը` սցենարի հեղինակը, արժանին մատուցել է ֆիլմի ռեժիսորին` խոստովանելով, որ, ճիշտ է, ինքը լավ սցենար է գրել, բայց Ֆինչերը դրա հիման վրա «մեծ» ֆիլմ է ստեղծել:
Սովորաբար գիլդիայի կողմից մրցանակների արժանացած ֆիլմերը մեծ հավանականությամբ դառնում են «Օսկարի» մրցանակակիր, քանի որ սցենարիստերի մեծ մասն ընդգրկված է ամերիկյան կինոակադեմիայի կազմում, հայտնում է BBC-ն:
Հատկանշական է, որ «Օսկարի» մրցանակաբաշխության անվանակարգերում ներկայացվածության թվով առաջին տեղը զբաղեցնող բրիտանական «Արքան խոսում է» (The King's Speech) կինոնկարն ընդգրկված չի եղել նոմինանտների ցանկում` գիլդիայի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:










