Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Կահիրեի թանգարանում ոչ մի մումիա չի տուժել

08:06 • 07.02.11

Կահիրեի թանգարանի ոչ մի մումիա չի տուժել կողոպտիչների հարձակումներից։ Այս մասին հայտարարել է Հնությունների հարցերով Եգիպտոսի կառավարության պետնախարար Զահի Հավասը։

Նա նշել է, որ հունվարի 28-ին Եգիպտոսի մայրաքաղաքում անկարգությունների ընթացքում թանգարանի վրա հարձակման ժամանակ, այնուամենայնիվ, չարագործները վնասել են մոտ 70 ցուցանմուշներ, որոնք այժմ վերականգնվում են։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ կողոպտիչները ոչնչացրել են երկու մումիա։

«Հանցագործները վնասել են ոչ թե մումիաները, այլ երկու գանգ, որոնք հարձակման ժամանակ գտնվում էին թանգարանի լաբորատորիայում»,- ասել է Հավասը։ Նա նաև ավելացրել է, որ թանգարանում արդեն վերականգնվել են ջարդված բոլոր ցուցափեղկերը։ «Այժմ թանգարանում ամեն ինչ վերականգնվել է, ամեն ինչ նորմալ է»,- նախարարի խոսքերը մեջբերում են եգիպտական ԶԼՄ-ները։

Կահիրեի թանգարանը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, որը վերջին 2 շաբաթներին դարձել էր եգիպտական իշխանությունների և ընդդիմության բախումների կենտրոն։ Թանգարանը հարձակման էր ենթարկվել հունվարի 28-ին՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Այդ օրերին թանգարանի պաշտպանությունն իրենց վրա էին վերցրել քաղաքացիները։ Այժմ պաշտպանությունն իրականացնում է Եգիպտոսի բանակը։

Կահիրեի թանգարանում ցուցադրվում են հազարավոր անգին ցուցանմուշներ, այդ թվում` փարավոնների մումիաները և Թութանհամոնի գանձերը։