Էմիր Կուստուրիցան կէկրանավորի նոբելյան դափնեկրի գիրքը

13:31 • 09.02.11

Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ֆիլմ կնկարահանի սերբ գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինի վրա» ստեղծագործության հիման վրա։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Variety հանդեսը։

Գրքում իրադարձությունները ծավալվում են Վիշեգրադում՝ Բոսնիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում՝ ժամանակային առումով ընդգրկելով 4-դարյա ժամանակահատված։ Սյուժեի հիմքում ընկած է քրիստոնյաների ու մուսուլմանների համակեցության հարցը՝ սկսած Օսմանյան կայսրությունից մինչև Ավստրո-հունգարական կայսրություն ու Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ։

Պարբերականի տվյալներով՝ Կուստուրիցայի մտահղացումն արդեն հավանության է արժանացել Սերբիայի կառավարության կողմից։ Ներկայումս ռեժիսորը փորձում է ստանալ բոսնիական կողմի աջակցությունը։ Նշվում է, որ ռեժիսորը քաղաքի հնագույն պատկերը վերստեղծելու նպատակով ծրագրում է կառուցել հսկայական դեկորացիաներ։

Առայժմ հայտնի չէ, թե երբ է Կուստուրիցան սկսելու ֆիլմի նկարահանման աշխատանքները, ովքեր են լինելու դերասանները և ով է ֆինանսավորելու ֆիլմի նկարահանման աշխատանքները։

Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինի վրա» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1945թ.։ Համարվում է, որ հենց այս ստեղծագործությունն է դարձել 1961թ. Անդրիչին Նոբելյան մրցանակ շնորհելու պատճառ։