«Արարատ» հեռուստաալիքի որևէ աշխատող չի կորցնի իր աշխատանքը. Ալեքսան Հարությունյան

13:44 • 10.02.11

«Արարատ» հեռուստաալիքի որևէ աշխատակից չի կորցնի իր աշխատանքը։ Այս մասին խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը քննարկելու ժամանակ այսօր ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի այն հարցին, թե «Արարատի» փակվելուց հետո ի՞նչ ճակատագիր են ունենալու հիշյալ հեռուստաալիքի աշխատողները, որոնք մտահոգ են աշխատանքը կորցնելու կապակցությամբ:

«Շուտով կառավարությունը որոշում կընդունի, որով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայությամբ կստեղծվի պետական փակ բաժնետիրական ընկերություն, որը կկոչվի հոգևոր-մշակութային ալիք, որը Հանրային առաջին ալիքից կլինի ինքնուրույն, անկախ իրավաբանական անձ»,- տեղեկացրեց Ալեքսան Հարությունյանը՝ նշելով, որ նորաստեղծ ալիքը ևս կպատկանի Հանրայինին: Նրա խոսքով՝ «Արարատի» աշխատակիցները Հանրային հեռուստատեսությունում կվերաձևակերպվեն որպես մշակութային խումբ և հաղորդումներ կպատրաստեն թե Հանրային հեռուստատեսության, թե առաջիկայում ստեղծվելիք հոգևոր-մշակութային, թե «Արարատ» համահայկական արբանյակային հեռուստաալիքների համար:

«Որևէ մեկը չի կորցնելու իր աշխատանքը, որևէ փոփոխություն նրանց նյութական աշխատավարձի կամ ստեղծագործական աշխատանքում չի լինելու» ,- վստահեցրեց Ալեքսան Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «Շողակաթին», նա նշեց, որ մեկ ամսով պայմանագիր է կնքվել այդ հեռուստաընկերության հետ, որով Հանրային հեռոսւտատեսությունը որոշակի ժամաքանակի հաղորդումներ է պատվիրում այդ հեռուստաընկերությանը:

Ալեքսան Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ հիմա պատրաստվում է «Արարատի» նոր լոգոն, որը կդառնա «Արարատ» համահայկական արբանյակային հեռուստաալիքի լոգոն:

Հիշյալ հարցին անդրադարձ եղավ, երբ խորհրդարանում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: