Բեռլինալեն չի ցուցադրի Օսվենցիմի մասին պատմող ֆիլմը

15:45 • 11.02.11

Բեռլինի կինոփառատոնը հրաժարվել է ցուցադրել գերմանացի ռեժիսոր Ուվե Բոլի «Օսվենցիմ» կինոնկարը, որտեղ կան կտտանքների իրական կադրեր ու գազային խցիկներում բանտարկյալների զանգվածային սպանության տեսարաններ։ Ինչպես հաղորդում է գերմանական Welt թերթը, Բոլի հայցն առանց որևէ բացատրության մերժվել է։ Ի պատասխան՝ ռեժիսորը հայտարարել է, որ մտադիր է բողոքել իրավապահ մարմիններին և Բեռլինալեի կազմակերպիչներին մեղադրել կիոփառատոնի ֆինանսական միջոցների չարաշահման մեջ։

Բոլի խոսքերով՝ փառատոնն անտեսել է իր նկարահանած բոլոր 25 ֆիլմերը։ Ընդ որում՝ ռեժիսորն ասել է, թե «Օսվենցիմն» իր առաջին ֆիլմ է, որտեղ պատկերված է ամբողջ ճշմարտությունը համակենտրոնացման ճամբարների մասին։

«Իմ ֆիլմի գլխավոր թեման սպանությունն է։ Ֆիլմն արտացոլում է մահվան ճամբարում տեղի ունեցած իրական դեպքերը և պատկերում է համակենտրոնացման ճամբարին հատուկ մեկ տիպիկ օր։ Այնտեղ չկան հերոսներ կամ սյուժետային գիծ»,- նշել է Ուվե Բոլը։

Ըստ նրա՝ այսօր Հոլոքոստի մասին ֆիլմերը հիմնականում պատմում են այս կամ այն հերոսի ճակատագրի մասին։ «Նրանք նկարագրում են հերոսների բացառիկ ճակատագրեր, իսկ ես ցույց եմ տալիս ճամբարի առօրյան, սպանությունը, մահը, որը դարձել է սովորական աշխատանք»,- զայրացած հայտարարել է կինոռեժիսորը։

Նա քննադատել է գերմանական կինեմատոգրաֆիան՝ նշելով, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա ֆիլմ նկարահանել գերմանացի հերոսների մասին, անմիջապես ֆինանսական միջոցներ կգտնվեն, ռեժիսորը կհրավիրվի Բեռլինալե։ «Բայց եթե փորձ արվի ցույց տալ, թե ինչ է եղել Օսվենցիմում, ապա նույն վայրկյանին դիմակայությունն անխուափելի կլինի»,- ասել է նա։

Նշենք, որ Բոլի ֆիլմը մինչև փառատոնի մեկնարկն արդեն սուր քննադատության էր արժանացել Գերմանիայում։ Շատ քննադատներ, շոկի մեջ ընկնելով ֆիլմի անթաքույց բռնության ու սպանությունների բաց տեսարաններից, կոչ էին արել բոյկոտել չափից դուրս նատուրալիստական ժապավենը։