Լեդի Գագան «Գրեմմիի» երեք մրցանակ ստացավ
Փետրվարի 14–ին ԱՄՆ–ում տեղի ունեցավ հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունը։
Էպատաժային երգչուհի Լեդի Գագան միաժամանակ երեք մրցանակի արժանացավ՝ «Փոփ երաժշտության բնագավառում լավագույն կանացի վոկալ», «Լավագույն կարճ երաժշտական տեսահոլովակ» (Bad Romance երգի տեսահոլովակը) և «Փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ» (The Fame Monster ալբոմը) անվանակարգերում։
Լեդի Գագայի Fame Monster ալբոմը ճանաչվել էր 2010թ.ամենավաճառված ալբոմը։ NME Magazine–ի փոխանցմամբ՝ ալբոմը վաճառվել է ավելի քան 6 մլն օրինակով։
Մրցանակաբաշխությանը Լեդի Գագան ներկայացրել է նաև շատ սպասված «Born This Way» երգը, որը գեյերին նվիրված էպատաժային երգչուհու հերթական երգն է։ Փոփ աստղը բեմում է հայտնվել պլաստմասսե ձվի «տեսքով»՝ բժշկական ձեռնոցներ հիշեցնող սպիտակ ռետինե հագուստով։
«Լավագույն տղամարդ կատարող» անվանակարգում հաղթող ճանաչվեց ամերիկացի երգիչ Բրունո Մարսը՝ Just The Way You Are երգով։
«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում Grammy–ի արժանացավ կանադական ռոք «Arcаde Fire» խումբը։
«Երաժշտական Օսկար»–ը «Լավագուն նորեկ» անվանակարգում իր մրցանակը հանձնեց Էսպերանսե Սպոլդինգին, որն էլ դարձավ հանդիսավոր այդ արարողության սենսացիան, քանի որ քննադատները և հեռուստադիտողները սպասում էին, որ այդ մրցանակը կստանա աշխարհի հավանաբար բոլոր պատանիների սիրտը գերած 16 ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը։
«Տարվա լավագույն երգ» ճանաչվեց Lady Antebellum խմբի՝ «Need You Now» երգը։
«Լավագույն դասական ալբոմ» և «Լավագույն խմբակային կատարում» անվանակարգերում մրցանակի արժանացան Սանկտ Պետերբուրգի «Մարինսկի» թատրոնի ռուս մեներգիչներ Իլդար Աբրազակովը և Օլգա Բորոդինան։
Իսկ Էմինեմը «Ռեփ» ոճում արժանացավ «Լավագույն սոլո», ինչպես նաև «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակներին։










