BRIT Awards-ը բաշխել է երաժշտական մրցանակները

12:23 • 16.02.11

Փետրվարի 15-ի երեկոյան Լոնդոնում տեղի է ունեցել BRIT Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը։

«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Mumford&Sons ֆոլկ խմբի Sigh No More ձայնասկավառակը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը։ «Լավագույն կատարող» է ճանաչվել սոուլ ու հիփ-հոփ ժանրերում ստեղծագործող Plan B-ն (Բենջամին Փոլ Բելանս Դրյու), «Լավագույն երգչուհի»՝ Լորա Մառլինգը ։

«Բրիտանական լավագույն խումբ» անվանակարգում մրցանակ է ստացել Take That խումբը։ Հրատարակությունը նշում է, որ այս խումբը մրցանակի էր արժանի դեռ 18 տարի առաջ։ Միևնույն ժամանակ, ռեպեր Tinie Tempah-ը (իսկական անունը՝ Պատրիկ Չուկվուեմ Օկոգվու), որը համարվում էր մրցանակաբաշխության հիմնական ֆավորիներից մեկը, մրցանակ է ստացել միայն առաջադրված չորս անվանակարգերից երկուսում։ 22-ամյա երաժիշտը ճանաչվել է «Լավագույն բրիտանական սինգլ» ու «Հայտնություն»։

BRIT Awards-ից ձեռնունայն չի հեռացել նաև կանադական Arcade Fire խումբը, որին մրցանակներ են շնորհվել «Լավագույն արտասահմանյան խումբ» ու «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգերում։