Թույլ չտանք, որ մեր եթերը դառնա ախոռ. երգիչները՝ ադրբեջանական երգի երկրպագուի մասին (տեսանյութ)
«Արատտա» ազգագրական համույթի ղեկավար Արսեն Համբարյանն այսօրվա ասուլիսին դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ կոչ անելով պաշտպանել ոչ միայն Հայաստանի սահմանները, այլև հեռուստաեթերը երգահան Վահրամ Պետրոսյանի նման մարդկանցից։
«Էշն էլ երկար ականջ ունի, բայց նա երբեք երգիչ չի դառնա, ու նրա տեղը ոչ թե խոռն է, այլ ախոռը: Եկեք թույլ չտանք, որ մեր եթերը դառնա ախոռ»,- ասաց Արսեն Համբարյանը:
Հիշեցնենք, որ օրերս կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանի և երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանի համատեղ ասուլիսի ընթացքում վերջինիս իր արտահայտած մի շարք մտքերով զարմացրել էր ասուլիսի ներկաներին՝ միաժամանակ ակնհայտորեն զբաղվելով թուրքական և ադրբեջանական երաժշտության քարոզչությամբ։
Անդրադառնալով Վահրամ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե գուսանական արվեստի հիմքում արաբական մելիզմներ են ընկած, և ով հակառակն է պնդում, դիլետանտ է, գուսան Հայկազունը ասաց, որ հայկական գուսանական արվեստն ավելի հին է, քան արաբներն ու թուրքերը:
«Գուսանական արվեստը մի քանի հազար տարվա պատմություն ունի: Մենք գուսանական արվեստում ունենք չքնաղ երգեր` Արտաշեսի ու Սաթենիկի երգը, Վահագնի երգը»,- ասաց գուսանը:
Արսեն Համբարյանը տեսակետ հայտնեց, թե գուցե Վահրամի մոտ շփոթմունք է եղել: «Երևի ուզեցել է ասել՝ աշուղական արվեստ: Ասում են, թե աշուղ բառի ծագումն էլ է արաբական: Բայց անգամ եթե դա մեր մեջ մտել է, ուրեմն մինչև դա էլ է եղել, որ տեղը գտել է»,- ասաց «Արատտա» ազգագրական համույթի ղեկավարը:
Ինչ վերաբերվում է Վահրամ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «վայ-վայ»-ը արաբական է, Արսեն Համբարյանը նշեց. «Դա հիմարություն է, Վահագն աստծուն նվիրված երգն է: Եթե ուզում է՝ թող գա, կսովորեցնենք»:
Բանախոսները նշեցին, որ իրենք նման երևույթների դեմ պայքարում են իրենց երգերով: Նրանք հավատացած են, որ եթե այսօր շատ հնչի կոմիտասյան մաքրության արվեստը, տարածվի, եթե այդ հարցում իրենց զորավիգ լինեն հեռուստաեթերներն ու ռադիոեթերները, նման մարդիկ մեզանում այլևս չեն լինի:
«Մեզ թվում է, թե սիրում ենք սուրճ, սիրում ենք ծխախոտ, բայց դա ընդամենը սովորույթ է: Նույնը և ադրբեջանաթուրքական երգերը»,- պարզաբանեցին բանախոսները:










