Պատմության թանգարանում բացվել է «Ուրարտու. Վանի թագավորություն» ցուցադրություն

15:10 • 19.02.11

Հայաստանի պատմության պետական թանգարանում բացվեց «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով մշտական ցուցադրությունը, որտեղ ներկայացված են թանգարանի ֆոնդերից շուրջ 1000 ցուցանմուշ։

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելեց թանգարան, շրջեց սրահներով, որտեղ տասնամյա ընդմիջումից հետո ներկայացված են Ք.ա. 9–6–րդ դդ. Վանի թագավորության մշակույթը, արվեստն ու պատմությունը։

«Հսկայական կուտակված նյութ ունեինք, և այս ամենը մշակելու, ցուցադրության պատրաստելու համար ժամանակ էր պետք։ Զգալի քանակությամբ նոր նյութեր կան, որոնք երբեք չեն ցուցադրվել և գալիս են լրացնելու մեր պատկերացումները այդ ժամանակաշրջանի մասին»,– ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Ցուցանմուշների ավելի քան 70 տոկոսը առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։

Սերժ Սարգսյանը այցելեց նաև Հայաստանի ազգային պատկերասրահում մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150–ամյակին նվիրված էքսպոզիցիան, որում ներառված են նկարչի՝ հանրապետության տարբեր թանգարաններում պահվող աշխատանքները՝ ավելի քան 200 ստեղծագործություն։