Լարի Քինգը պատրաստվում է մենահամերգով շրջագայել ամերիկյան քաղաքներով

11:14 • 23.02.11

Ամերիկյան հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը, որը 2010–ի դեկտեմբերին ավարտեց CNN հեռուստաալիքով 25 տարի շարունակ հեռարձակվող «Լարի Քինգ շոու» հաղորդումը, ապրիլին պատրաստվում է շրջագայություն սկսել ամերիկյան քաղաքներով՝ իր կյանքի մասին կատակերգական մենահամերգով, հայտնում է Reuters գործակալությունը։

Ինչպես հայտնում է պրոդյուսերական Base Entertainment ընկերությունը, 77–ամյա Քինգի հյուրախաղերը կմեկնարկեն Թորինգտոն քաղաքում՝ ապրիլի 14–ին։

Իր «Լարի Քինգ. կայացում» (Larry King: Standing Up) մենահամերգում հեղինակը կպատմի Բրուքլինում անցկացրած մանկության ու պատանեկության մասին, ինչպես նաև իր լրագրողական կյանքի մասին՝ թե կուլիսների հետևում, և թե տեսախցիկի առջև։

Ամերիկյան հեռուստատեսության «արքայի» հետ շփվելու և նրան անձամբ հարցեր ուղղելու հնարավորություն կունենան այնպիսի քաղաքների բնակիչներ, ինչպիսիք են Ատլանտիկ սիթին, Լաս Վեգասը և այլն։