«Սահման» ֆիմը՝ «Նիկա 2011»-ի նոմինանտ
Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա 2011» մրցույթի «ԱՊՀ և մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4-ն են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաև «Սահմանը»: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակից։
«Նիկա 2011»-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղըզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե» և ադրբեջանցի ռեժիսոր Ռուսթամ Իբրահիմբեկովի «Ուրվականի աչքերով» կինոժապավենները:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 7-ին Մոսկվայում: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, անվանի կինոդերասան Ալեքսեյ Բատալովը անձնական հրավեր է ուղարկել Հարություն Խաչատրյանին մասնակցելու հանդիսավոր արարողությանը:
«Սահման» ֆիլմը 2009-ին Ռոտերդամի 38-րդ կինոփառատոնում կայացած համաշխարհային պրեմիերայից հետո ներկայացվել է ավելի քան 45 միջազգային կինոփառատոներում, արժանացել բազմաթիվ` այդ թվում գլխավոր մրցանակների:










