Հայտնի են «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրները
Դերասանուհիներ Սառա Ջեյսիկա Փարքերը, Քիմ Քեթրոլը, Սինտիա Նիքսոնը և Քրիսթին Դևիսը երեկ «Ոսկի ազնվամորի» մրցանակի են արժանացել «Սեքսը մեծ քաղաքում 2» լիամետրաժ ֆիլմում իրենց դերերը վատագույնս կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական կայքից:
Նույն ֆիլմի բոլոր չորս դերասանուհիները ևս մեկ ազնվամորի «պոկել են» «Վատագույն դերասանական կազմ» անվանակարգում: Իսկ «Սեքսը մեծ քաղաքում 2» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Վատագույն գրագողություն կամ կրկնօրինակում» անվանակարգում:
Էշթոն Քաթչերը «Վատագույն դերասան» տիտղոսին է արժանացել «Վարձու մարդասպանները» և «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմերի համար:
Ջեյսիկա Ալբան «Մարդասպանն իմ ներսում», «Սուրբ Վալենտինի օրը», «Ծանոթություն Ֆակերների հետ 2» ֆիլմերի համար արժանացել է «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» մրցանակին: Իսկ «Երկրորդ պլանի վատագույն դերասան անվանակարգում» հաղթող է ճանաչվել Ջեքսոն Ռեթբոունը` «Վերջին ավատարը» ֆիլմի համար:
Իսկ ահա Նայթ Շյամալանի «Վերջին ավատարը» ֆիլմը հաղթող ճանաչվեց «Տարվա վատագույն ֆիլմ», «Վատագույն սցենար» անվանակարգերում: Իսկ ինքը`Շյամալանը, ճանաչվել է տարվա վատագույն ռեժիսոր:
Ավանդույթի համաձայն` մրցանակաբաշխության թեկնածուների անունները հայտնի են դարձել «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության նախաշեմին:
Ավելացնենք, որ «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում ընդամենը մի քանի մրցանակակիրներ են համարձակվել ներկայանալ և անձամբ ստանալ իրենց մրցանակները։










