Ռուսաստանաբնակ հայը Նյու Յորքի աճուրդում գնել է Էրիկ Քլեփթոնի կիթառը
Ռուսաստանցի Վլադիմիր Ավետիսյանը դարձել է Նյու Յորքում անցկացված աճուրդում հանրահայտ բրիտանացի երաժիշտ Էրիկ Քլեփթոնի անվան հետ այս կամ այն կերպ առնչվող կիթառների, բարձրացուցիչների և այլ իրերի հիմնական գնորդը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նյու Յորքի Bonhams աճուրդի տանն անցկացված գործարքի արդյունքում կազմակերպիչները 2,2 մլն դոլար են վաստակել, ինչը մոտ 4 անգամ գերազանցել է նախահաշիվը (400-600 հազար դոլար): Հասույթը ամբողջությամբ կփոխանցվի Գվատեմալայի Անտիգուա քաղաքում ալկոհոլային և թմրամիջոցներից կախվածության դեմ պայքարի նպատակով 1998-ին Քլեփթոնի հիմնած կենտրոնի հիմնադրամին:
Ավետիսյանը DBlack խմբի մենակատարն է, որի երգացանկում ընդգրկված են հիմնականում Քլեփթոնի կատարումները: Երաժիշտը գնել է աճուրդի հանված իրերի մեծ մասը` սկսած 1100 դոլար արժողությամբ սովորական պայուսակից, մինչև երեկոյի ամենաթանկ իրը` 1948-ի թողարկման Gibson L-5P կիթառը, որը վաճառվել է 82,96 հազար դոլարով:
«Սա իմ հիմնական հոբին է. ես սիրում եմ բլյուզ»,- հայազգի երաժշտի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Ընդհանուր առմամբ աճուրդի էր հանվել 75 կիթառ, 55 բարձրացուցիչ և ևս 8 այլ իր. արդյունքում բոլորն էլ վաճառվել են:










