Նկարիչ Ալեքսանդր Սադոյան. հայրենիքից հեռու ապրելը հետք չի թողել իմ արվեստի վրա
Հեռավոր Լոս Անջելեսում հայրենիքից հեռու ապրելն ու ստեղծագործելը հետք չի թողել նկարիչ Ալեքսանդր Սադոյանի աշխատանքների վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը՝ համոզմունք հայտնելով, թե «յուրաքանչյուր նկարիչ, որտեղ էլ որ ապրի, պետք է ստեղծագործի, ասելիք պետք է ունենա աշխարհին»։ Դրա վառ ապացույցը, ըստ նկարչի, հայրենիքից դուրս ստեղծված իր «լավագույն աշխատանքներն են»։
Իրեն աբստրակտ էքսպրեսիոնիստ համարող Ալեքսանդր Սադոյանը ներկայում փորձում է կերտել ազգի նշանավոր մարդկանց դիմանկարները՝ Նարեկացուց մինչև Սերգեյ Փարաջանով ու Պարույր Սևակ։ «Փորձում եմ բացահայտել նրանց կերպարները, էությունը իմ գույներով ու իմ ձևով»,- ասաց նկարիչը։
Բարձր գնահատելով հայ նկարիչների աշխատանքները՝ նա ափսոսանքով ասաց, որ նրանք ոչնչով չեն զիջում օտարներին, սակայն չկան «պրոֆեսիոնալ, հատուկ մարդիկ», ովքեր կկարողանային հայկական արվեստը ներկայացնել աշխարհում։
Ալեքսանդր Սադոյանը 1990-ից Հայաստանի նկարիչների միության, իսկ 1995-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների, տպագրվել է մի շարք հեղինակավոր թերթերում ու կատալոգներում։
2003թ. Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն» նկարիչ տիտղոսին։ 2008թ. ամերիկյան «Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչվել է «Լավագույն նկարիչ»։










