Չինական արտ-շուկան դուրս է մղել բրիտանականին
Չինական արվեստի շուկան իր ներկայի ծավալներով դուրս է եկել երկրորդ հորիզոնական՝ ԱՄՆ-ից հետո՝ հետևում թողնելով Մեծ Բրիտանիային։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բրիտանական արվեստի շուկայի դաշնության (British Art Market Federation) հետազոտությունները։
2010թ. Չինաստանի աճուրդի տներում ու թանգարաններում արվեստի վաճառքներից գոյացած գումարը կազմել է երկրի համար ռեկորդային՝ 6 միլիարդ եվրո (8,3 միլիարդ դոլար)։ Այդ եղանակով Չինաստանին բաժին է ընկել արվեստի համաշխարհային շուկայի 23 տոկոսը։
Արվեստի շուկայում աշխարհում ամենամեծ՝ 34 տոկոսը, բաժին է ընկել Միացյալ Նահանգներին։ Երրորդ հորիզոնական մղված բրիտանական շուկան Չինաստանին զիջում է տոկոսային չնչին տարբերությամբ (22 տոկոս):
Բրիտանական արվեստի շուկայի դաշնության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հետազոտության տվյալները պետք է սթափեցնեն բրիտանական շուկան։ Նրանց կարծիքով՝ մեղավորը Եվրամիության սահմանած հարկային սահմանափակումներն են այնտեղ բնակվող նկարիչների հանդեպ։ ԱՄՆ-ում ու Չինաստանում այդ առումով սահմանափակումներ չեն գործում։
2006-2010 թթ. Արվեստի համաշխարհային շուկայում Բրիտանիայի մասնաբաժինը նվազել է՝ 27-ից հասնելով 22 տոկոսի։ 2006թ. Եվրամիության ընդունած օրենքի համաձայն՝ արվեստի գործիչների ստեղծագործությունների վաճառքի վրա սահմանվեցին բարձր հարկեր։










