Երևանյան 5-րդ միջազգային փառատոնին կմասնակցեն համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներ

19:31 • 16.03.11

Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հրավիրել էին համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում ամփոփեցին 2010-11թթ. համատեղ իրականացրած ծրագրերն ու հայտարարեցին հետագա համագործակցության մասին:

Նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին` երևանյան 5-րդ միջազգային փառատոնով, որին իրենց մասնակցությունը կբերեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարներ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիշերը, Կոնստանտին Լիֆշիցը, Պոլ Մայերը, Ժիլբեր Օդինը և այլք:

Այս տարի մեկնարկել է նոր համերգաշար` բուհերի ուսանողների համար: Իսկ մարտի 25-ին ՀՊՖՆ-ն կներկայացնի Չայկովսկու մեկ այլ ստեղծագործություն` «Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան` բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ: Գարնանը հայ հանդիսատեսին կներկայացվի նաև Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերան:

«Երաժշտությունը գեղեցիկ ապրելու արվեստ է: Իսկ կատարելության հասնելու ճանապարհն սկսվում է գեղեցիկ մտածելուց և գործելուց: Մենք վաղվա սերնդի արժեքային համակարգի մասին պետք է մտածենք այսօր: Մեր գործադրած բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ համերգաշրջանի ընթացքում դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ուկնդրելու և ունկնդրելու համաշխարհային գոհարների վերարտադրություն ոչ միայն այնպիսին` ինչպիսին դրանք ստեղծվել են, այլև երբեմն նորովի` համարձակ մտածողությամբ: Այդպիսին էր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի ներկայացումը Արամ Խաչատրյան համերգասրահում (ռեժիսոր` Վիգեն Չալդրանյան, դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

Երևանյան ավանդական երաժշտական 4-րդ փառատոնի շրջանակներում անվանի մենակատարների մասնակցությամբ` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների մի ամբողջ շարք ներկայացվեց:

Տարբեր նախագծերը կյանքի կոչելու հարցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամ աջակցության շնորհիվ, 2010-11թթ. համերգաշրջանում ՀՊՖՀ-ն կազմակերպեց շուրջ 35 համերգ Երևանում, երկուսը` Ֆրանկֆուրտում, ևս մեկը` Բրատիսլավայում: Նախատեսված է ևս 20 համերգ:

Այս տարի նվագախումբը նշելու է իր հիմնադրման 85-ամյակը և ՀՀ անկախության 20-ամյակը: