Հրապարակվել է Եգիպտոսից հափշտակված ցուցանմուշների ցուցակը

13:10 • 17.03.11

Եգիպտոսի hնությունների հարցերով նախարարությունը հրապարակել է երկրի թանգարաններից գողացված ցուցանմուշների ցուցակը։ Այդ մասին հայտնել է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը: Եգիպտոսի գլխավոր դատախազությունը, որն զբաղվում էր մշակութային արժեքների անհետացման հետաքննությամբ, ցուցակում հիշատակել է 81 իրի անվանում։ Ցանկացողները ցուցակի մասին ամբողջական պատկերացում կարող են ստանալ՝ այցելելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարության կայքէջ։
Ցուցակում ներառվել են ժողովրդական հուզումների ժամանակ ինչպես Կահիրեի թանգարանից գողացված, այնպես էլ մարտին Թել էլ Ֆարայինե պահոցից հափշտակված ցունցանմուշներ։ Վերջինում են պահվում եգիպտական հնագույն Բուտո քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները։

Նախօրեին «Ալ Ահրամը» հայտնել էր, որ զինված հարձակում է տեղի ունեցել Թել էլ Ֆարայինեի վրա։ Անվտանգության մի քանի ծառայողներ կարողացել էին դիմադրություն ցույց տալ ու անգամ բռնել չորս գողի։ Արդյունքում, սակայն, մյուս հանցագործները կարողացել էին փախչել՝ իրենց հետ տանելով 27 արտեֆակտ ու 20 անտիկ մետաղադրամ։

Հնությունների հարցերով նախարարության ցուցակում ներառված է նաև հունվարի 29-ին Կահիրեի թանգարանից անհետացած 54 առարկա։ Ցուցակում առանձին ներկայացված են նաև այն ցուցանմուշները, որոնք հաջողվել է արդեն հայտնաբերել։ Թանգարանի տնօրեն Թարեկ էլ Ավադին ասել է, որ հայտնաբերված ցուցանմուշները ցուցակից չեն հեռացվի այնքան ժամանակ, մինչև չհայտնաբերվեն գողացված մյուս արժեքավոր իրերը։

Մարտի սկզբին Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Զախի Հավասը՝ ամենահեղինակավոր եգիպտագետներից մեկը, հրաժարական էր տվել՝ հայտարարելով, թե Եգիպտոսի նախկին նախարար Հոսնի Մուբարաքի հեռանալուց հետո երկրի թանգարաններում ահռելի չափի է հասել արժեքավոր իրերի հափշտակումը։ Եգիպտոսն առայժմ հնությունների հարցերով նոր նախարար չունի։