Մատենադարանի նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերին

15:56 • 19.03.11

Մեսրոպ Մշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել օգոստոսին։ Իսկ սեպտեմբերի 21-ին շենքը շահագործման կհանձնվի։ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Մատենադարան, շրջայց կատարեց և տեղում ծանոթացավ նոր մասնաշենքի շինաշխատանքներին։
Նոր մասնաշենքը տարածքով 4 անգամ ավելի մեծ է Մատենադարանի ներկայիս շենքից։ «Սա դարի կառույց է՝ և՛ ճարտարապետական լուծումներով, և՛ նորագույն տեխնոլոգիաներով, և՛ ձեռագրերի պահպանման ու վերականգնման ամենաարդիական պայմաններով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։ Նա նշեց, որ նախագահի այցի ընթացքում շատ կարևոր ևս մեկ հարց է լուծվել. պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքների երկրորդ փուլում արդեն Մատենադարանի ներկայիս մասնաշենքը վերակառուցել։ «Դա գլոբալ խնդիր է, քանի որ Մատենադարանը համաշխարհային մշակութային գանձերի մի չնչին մասն է ներկայացնում։ Մենք նախատեսել ենք այս շենքը դարձնել թանգարանային համալիր, հինգ անգամ բազմապատկել շենքի ցուցադրական հնարավորությունները, ունենալ մշտական ցուցադրությանը զուգահեռ հինգից ավելի այլ ցուցասրահներ, բացառիկ ցուցադրություններ, ցուցադրել նաև օտարալեզու ձեռագրերը, ունենալ հնատիպ գրքերի հատուկ ցուցասրահ»,- նշեց նա։

Հրաչյա Թամրազյանի տեղեկացմամբ՝ երրորդ փուլում արդեն Մատենադարանի շրջակա տարածքում են շինաշխատանքներ իրականացվելու։ «Մեր մեծ երազանքն է, որ Մատենադարանն սկսվի Մաշտոցի պողոտայի սկզբից, ամբողջ շրջակա տարածքում Մատենադարանի շունչը լինի։ Այսինքն՝ քաղաքը ձեռք բերի այդ հատվածում մշակութային դեմք, ամբողջ Մաշտոցի պողոտայի տարածքում»,- ընդգծեց նա։

Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքերին աջակցում են բարերարները։ Շինարարության ընդհանուր արժեքն առայժմ չի նշվում, քանի որ ներդրումները շարունակվում են։ Գլխավոր բարերարը մոսկվաբնակ հայ գործարար Սերգեյ Համբարձումյանն է։

«Մատենադարան» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Չիկչյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ շինաշխատանքների համար ներդրվել է 11 մլն 120 հազար դոլար, որն ամբողջությամբ իրացվել է։

Նոր մասնաշենքի նախագծի հեղինակը Արթուր Մեսչյանն է։

Նշենք, որ Մատենադարանի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 1959թ.-ին: