Ավստրիան հրաժարվել է վերադարձնել Վերմեերի՝ Հիտլերին վաճառված գլուխգործոցը

20:52 • 22.03.11

Ապօրինի առգրավված գույքի հարցերով զբաղվող ավստրիական հանձնաժողովը մերժել է մասնավոր անձանց պահանջը՝ իրենց հանձնել Յան Վերմեերի «Գեղանկարչության այլաբանություն» կտավը, որը ներկայում գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։ Այս մասին հաղորդում է ArtInfo կայքը։

Հայցի բավարարման դեպքում կտավը, որը ոմանք անվանում են հոլանդացի նկարչի գլուխգործոցը, կլիներ Վերմեերի երեք տասնյակից ավելի կտավներից միակը, որը չի պահվում թանգարանում։

«Գեղանկարչության այլաբանություն» կտավի նկատմամբ հավակնություններ ունեն կտավի նախկին տիրոջ՝ Յարոմիր Չերնինի ժառանգները։ Չերնինը 1930-ականների վերջին կտավը վաճառել է Ադոլֆ Հիտլերին, որը երազում էր Լինցում բացել իր գեղարվեստական թանգարանը։

Ֆյուրերը կտավի համար վճարել է ավելի շատ, քան արվեստի մեկ այլ գործի համար։ Այդուհանդերձ, Չերնինի ժառանգները պնդում են, թե գործարքը կնքվել է ճնշման տակ, և որ Չերնինը պարզապես վախեցել է իր ընտանիքի անվտանգության համար (նրա կինը հրեա էր):

Այդուհանդերձ, ավստրիացիների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ կտավի նախկին տերը շնորհավորական ուղերձ է հղել Հիտլերին՝ ցանկանալով, որ կտավը միշտ ուրախություն պարգևի «իր ֆյուրերին»։ Այդ փաստը հիմք ընդունելով՝ վճռվել է, որ կտավի վաճառքն իրակացվել է կամավոր, առանց բռնության։

Նացիստները Չերնինին դատապարտել են տաժանակիր աշխատանքի, և նա մահացել է աղքատության մեջ։

1998թ. Ավստրիան օրենք է ընդունել, համաձայն որի՝ 1930-ականներին հրեաներից հափշտակված շուրջ 10 հազար աշխատանքներ վերադարձվել են դրանց օրինական տերերի ժառանգներին։