Դոկտոր Հաուսը ներկայացրել է իր առաջին բլյուզային ալբոմը

14:13 • 24.03.11

Բրիտանացի կատակերգու դերասան Հյու Լորին՝ «Դոկտոր Հաուս» հայտնի հեռուստասերիալի համանուն բժիշկը, ներկայացրել է իր դեբյուտային բլյուզային ալբոմը։

Let Them Talk ալբոմը դերասանը ներկայացրել է երեքշաբթի Միացյալ Նահանգների Նյու Օռլեան քաղաքի բարերից մեկում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Հյու Լորին, որը հասցրել է հայտնի որպես դերասան, կատակերգու, սցենարիստ, շոումեն ու գրող, այժմ էլ որոշել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Let Them Talk ալբոմը նա ձայնագրել է 2010թ., որտեղ ներառված է 15 երգ։ Ձայնասկավառակում Լորին երգել է գլխավոր վոկալային պարտիաները, նվագել կիթառ ու դաշնամուր։ Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են սըր Թոմ Ջոնսը՝ ռիթմ-էնդ-բլյուզի լեգենդը, և 1960-ականների հայտնի դաշնակահար Դոկտոր Ջոնը։ Հենց նա էլ ներկայացրել է ալբոմը հանդիսականին։ Ձայնասկավառակը լույս կտեսնի Մեծ Բրիտանիայում մայիսի 9-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մայիսի 17-ին։

«Իմ երևակայության մեջ Նոր Օռլեանը ասոցացվում է երաժշտության, ռոմանտիկայի, ուրախության ու հուսահատության հետ։ Այդ ռիթմերը մտել են իմ համեստ բրիտանական հոգին ու ժամանակ առ ժամանակ դարձրել ինձ երջանիկ կամ դժբախտ այնքան, որ ես չգիտեի՝ ինչ անել։ Եվ հիմա ես հասկացա, թե ինչքան եմ սիրում այս երաժշտությունը»,- Նոր Օռլեանում իր ալբոմը ներկայացնելու ընտրությունն այսպես է մեկնաբանել Դոկտոր Հաուսը։ Guardian-ի տվյալներով՝ դերասանը մտադիր է համերգային ելույթով հանդես գալ մայիսին կայանալիք բրիտանական ամենախոշոր ջազային փառատոնի՝ Cheltenham Jazz-ի փակման արարողության ժամանակ։