«Արվեստի ծիածան» և «Երկիրն իմ մոլորակն է» մանկական ծրագրերը «Գաֆէսճեան» կենտրոնում
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկել են «Արվեստի ծիածան» և «Երկիրն իմ մոլորակն է» նոր մանկական ծրագրերը` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:
«Արվեստի ծիածան» ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն կստանան մասնակցելու արվեստի և դասական երաժշտության վերաբերյալ զրույցներին: Առաջին մասնակիցներն իմացել են «Լուսնի սոնատի» ստեղծման պատմությունը, Կոմիտասի արձանի խորհրդանիշը, ունկնդրել Կոմիտասի և Մեծն հայ բանաստեղծ Պարույր Սևակի կենդանության օրոք կատարված ձայնագրությունները, ինչպես նաև ծանոթացել «Աիդա» օպերայի ստեղծման մանրամասներին: Ծրագիրը եզրափակել է հայտնի դուետ «Արս Լունգան»:
«Երկիրն իմ մոլորակն է» ծրագիրն անց է կացվում ապակու դիզայներ Հենրիկ Նիկոյանի ցուցահանդեսի շրջանակում: 6-12-րդ դասարանի աշակերտները կծանոթանան բնապահպանական խնդիրներին վերաբերող արվեստի նմուշներին, իսկ «Ստեղծագործական սրահում» բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ժամանակակից խնդիրները: Առաջին մասնակիցներն են դարձել Նոր-Խարբերդի թիվ 2 դպրոցի աշակերտները: Ցուցանմուշները դիտելուց հետո, բնապահպանների աջակցությամբ երեխաները քնարկել են անտառների պահպանության հիմնահարցը, ինչպես նաև մասնակցել ստեղծագործական սեմինարին, որի նպատակն է կերտել թեմատիկ աշխատանքներ:










