Ռաֆայել Քոթանջյան. Շատերը թատրոն են գալիս շովու դիտելու
«Ցավոք սրտի, մեր հանդիսատեսը տեղ է տալիս ցանկանալու, որ ավելի լավը դառնա»,- այսօր լրագրողներին ասաց թատրոնի ու կինոյի դերասան Ռաֆայել Քոթանջյանը՝ ափսոսանքով նշելով, որ այսօր թատրոն են գալիս հիմնականում տարիքով մարդիկ։
Դերասանը, ում ներկայում ավելի հաճախ է հնարավոր տեսնել բենեֆիսային ներկայացումներում, երկու-երեք տարի է՝ խաղում է Սունդուկյանի անվան թատրոնի բեմում՝ Գուրգեն Խանջյանի պիեսներից մեկի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում է 7-8 հերոսի։ «Պարզվում է՝ մեր հասարակության մեջ մի հսկայական զանգված կա, որ սպասում է լավին, մաքուրին»,- ասաց դերասանը՝ համոզմունք հայտնելով, թե դեռ կորած չէ մարդկանց թատրոնի մշակույթին հաղորդակից դարձնելու առիթը։
«Թատերական ներկայացումներ նայողները պակասել են, ավելացել են շովու նայողները։ Ցավոք, մեր լավ հանդիսատեսը գնալով քչանում է ու պակասում»,- նշեց դերասանը՝ շեշտելով, թե չի թերագնահատում երիտասարդներին, քանի որ իր ամբողջ կյանքում սատարել է նրանց, մասնակցել «նորի» ստեղծմանը։










