Պարն իմ մեջ հետաքրքիր անկյուններ բացեց որպես նկարիչ. Ռուդոլֆ Խառատյան
«Ռուդոլֆ Խառատյանին մենք ճանաչում ենք որպես բալետմայստեր, խորեոգրաֆ, բայց որպես նկարիչ չգիտեինք։ Ես էլ նույնիսկ չգիտեի և հանկարծակիի եկա՝ իմանալով, որ նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում և շատ լուրջ նկարիչ է»,- ասյօր հրավիրված ասուլիսին լրագրողներին ասաց «Ակադեմիա» ցուցասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը։
Նա հայտնեց, որ ապրիլի 1-ին՝ ժ. 18։00-ին, «Ակադեմիա» ցուցասրահում տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի հայաստանյան առաջին անհատական ցուցահանդեսի բացումը։
«Ապրիլի 1-ը, մեծանուն բալետմայստերի ծննդյան տարեդարձի օրը, համընկավ ցուցահանդեսի բացմանը»,- կատակեց Վարդանյանը՝ նշելով, թե դա ապրիլմեկյան կատակ չէ։
Ըստ նրա՝ Ռուդոլֆ Խառատյանը 7 տարեկանից նկարել է, 5 տարի «հանրահայտ Սոսի մոտ» գնացել քանդակագործության դասերի։ Պարն ընտրելուց հետո անգամ նկարչությունը չի թողել։ «Անընդհատ նկարում էի, բայց ցույց չէի տալիս, որովհետև շատ զբաղված էի պարով։ Պարն իմ մեջ հետաքրքիր անկյուններ բացեց որպես նկարիչ։ Հասկացա, որ նկարչությունը, բեմադրությունը նույն բանի մասին են խոսում, ուղղակի տարբեր միջոցներով»,- ասաց խորեոգրաֆը։
1996-ից ի վեր Խառատյանը 22 անհատական ցուցահանդես է ունեցել Վաշինգտոնում, Նյու Յորքում, Մոնրեալում։ Մասնակցել է ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Կանադայում։ «Արտերկրում ինձ ճանաչում են որպես 20-րդ դարի ամերիկացի նկարիչ: Կեսը գիտեն որպես բալետմայստեր, կեսը՝ նկարիչ»,- ասաց Խառատյանը։
«Ես մատերիալ աշխարհ չեմ նկարում։ Ես նկարում եմ գույն, կոմպոզիցիա տարածության մեջ։ Այնտեղ կան դետալներ, այնքան դրական լիցքեր կան, որ դրանով ուզում եմ լրացել թե՛իմ էությունը, թե՛ իմ լինելն այս աշխարհում, թե՛ իմ պատկանելությունն այս ազգին, որովհետև այս ազգն է տվել ինձ այս ամբողջ գույները, զգացմունքները»,- խոսքը եզրափակեց բալետմայստերը։
Ցուցահանդեսին, որը կտևի 15 օր, կցուցադրվի խորեոգրաֆի՝ տասը տարում ստեղծված 52 աշխատանք։ Ցուցահանդեսին աջակցում է մշակույթի նախարարությունը։










