Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակը «Օսկարի» դափնեկրին է շնորհվել

12:05 • 30.03.11

Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակը, որը շնորհվում է մանկագիրներին, այս տարի հանձնվել է ավստրալացի գրող և նկարիչ Շոն Թանին։ Այս մասին նշված է մրցանակի կայքում։ Ժյուրին գնահատել է դափնեկրի կարողությունները, որին հաջողվել է իր ստեղծագործություններում միավորել տեքստն ու պատկերը և զարգացման նոր ուղիներ բացել մանկական գրքերի իլյուստրացիաների ոլորտում։

«Շոն Թանի աշխատանքներում պատմողի վարպետությունը զուգակցվում է խոր հումանիզմի հետ։ Նրա յուրաքանչյուր գիրքը էքսպերիմենտ է թե՛ խոսքային, թե՛ վիզուալ առումներով»,- հայտարարել են ժյուրիի անդամները։

Ավստրալացի գրողը ծնվել է 1974թ.։ Նրա գլխավոր գրքերից են «Ճագարները» (1998), «Ոչ ոքի իրը» (1999), «Կարմիր գիրքը» (2001), «Ժամանումը» (2006)։

2010թ. Թանը մասնակցել է «Ոչ ոքի իրը» 15 րոպեանոց մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին, որի համար ստացել է «Օսկար» մրցանակ։ Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել որպես մանկագիր։

Աստրիդ Լինդգրենի մրցանակը շնորհվում է 2003-ից։