Երաժշտության լեզվով Կոմիտասը փրկել է մեր ամբողջ ժառանգությունը. կոմիտասագետ
Հազարամյա կիրառություն ունեցող հայկական խազերի բանալին կորել էր մոտ 400 տարի առաջ և առաջինը դրանց վերծանմամբ` հին հայկական նոտագրության սկզբունքները վերհանելով, զբաղվել է Կոմիտաս վարդապետը: Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը՝ նշելով, թե այն, ինչ կա այսօր, բանավոր ավանդությունն է:
Շահնազարյանի խոսքով՝ վերծանված խազերով Կոմիտասը նոտագրել է մի քանի շարականներ, և այսօր պահպանված են ոչ միայն դրանք, այլև Կոմիտասի մեկնաբանությունները, աշխատանքային գրառումները, հոդվածները: Դրանք, դրանց լուսանկարները և սեփական մեկնաբանությունները կոմիտասագետը հրատարակել է իր հինգ գրքերում: Նա այդ աշխատանքի հիման վրա կատարել է նաև ուսումնասիրություններ, նոտագրել 12 շարական և ձայնագրել դրանք Սաղմոսավանքում:
Շուտով թողարկվելու է այդ շարականների ձայնագրությունը: «Դրանց հետ տպագրվելու է մի փոքրիկ գիրք` մեկնաբանություններով` հայերեն և անգլերեն, քանի որ խազերն ունեն միջազգային նշանակություն, խազերով մենք ունենք գրառած հունական, բյուզանդական երգեցողության նմուշներ, որ իրենց մոտ պահպանված չեն»,- նշեց նա:
Շահնազարյանի խոսքով՝ չորս հարյուր տարի երգվել են շարականներ, մի եղանակով երգվել են շատ շարականներ: «Շատ կարևոր է վերծանման արդյունքում հայ հոգևոր և ժողվրդական երաժշտությունը ժամանակի շեղումներից մաքրելու, նախնական ձևով վերականգնելու համար»,- ասաց նա:
Կոմիտասագետի կարծիքով՝ իր նոտագրած շարականները առավել հիշեցնում են նախաքրիստոնեական հայ երաժշտությանը: «Ինչպես հեթանոսական տաճարների տեղում կառուցվում էին եկեղեցիներ, այնպես էլ մեր երաժշտությունը փոխադրվեց հոգևոր երաժշտարվեստ»,- ասաց նա:
Նրա մեկնաբանմամբ՝ երաժշտագիտությունը միջնադարում մեծ գիտություն է եղել`աստղաբաշխության, թվաբանության, առոգանության և այլ գիտությունների միասնություն: Շահնազարյանը նշեց, որ աշխատանքը կատարել է այդ ժառանգության վրա: «Երբեմն նույնիսկ երաժշտագետները դժվար են հասկանում, բայց ես շատ պարզ եմ ձևակերպել…. Երաժշտության լեզվով Կոմիտասը փրկել է մեր ամբողջ մշակութային ժառանգությունը` նախաքրիստոնեկան և մինչ 19-րդ դար, այսինքն մենք մեր մշակույթը ունենք միայն երաժշտության լեզվով պահպանված` ամբողջական: Մեր ճարտարապետությունը ոչնչացվել է, մեր հին բանահյուսությունը, որ Խորենացին թվարկում է քսան հատոր կլիներ, ոչնչացվել են, չկան, բայց մեր երաժշտությունը Կոմիտասի շնորհիվ պահպանվել է»,- նշեց նա:
Պատասխանելով tert.am-ի հարցին` Արթուր Շահնազարյանը նշեց, որ դժվար է ասել, թե հարյուրավոր խազերից քանիսն են վերծանված, քանի որ դրանք հանդես են գալիս ոչ միայն առանձին-առանձին, այլև միավորվելով՝ մեկ խազ են առաջացնում: «Սակայն կարող եմ ասել, որ մեր ունեցած պարզագույն, պարզ և բարդ խազերից, այսօր վերծանված են պարզերը: Այն մտահոգությունը, որ եթե մոտեցումը համակարգային չէ, կարող է ընտրվել սխալ ուղղություն, հնարավոր չէ»,- ասաց նա:
«Ցանկացած երեխա, որ լսում է Կոմիտասի ցանկացած մեղեդի, մաքրվում է»,- նշեց ասուլիսի մյուս բանախոսը՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը` տեղեկացնելով, որ իրենք հետևողականորեն իրականացնում են Կոմիտասի երաժշտությունը տարածելու ծրագրեր, և արդեն իսկ թողարկել են Կոմիտասի երգերի հինգ ձայնասկավառակներ: «Մեր ազգը ներկայացնելու ամենալավ միջոցը Կոմիտաս վարդապետն է… և եթե Կոմիտասը մեր երաժշտական փրկիչն է, ինչո՞ւ մենք այսօր չունենք Կոմիտասի տուն-թանգարան»,- ասաց նա` հիշեցնելով, որ Կոմիտասի անձնական արխիվի փրկված մասն ու այլ իրեր այսօր պահվում են Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:










