Քուվեյթում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր

20:26 • 31.03.11

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակում մարտի 23-26-ը Քուվեյթում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Հայկական պատվիրակության այցի շրջանակում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տեղեկացնելով ներկաներին Մատենադարանում պահպանվող արևելյան ձեռագրերի հավաքածուի մասին, որտեղ կան ավելի քան 1500 արաբատառ ձեռագրեր, առաջարկեց համագործակցել նաև այդ ձեռագրերի ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ուղղությամբ: Քուվեյթի տեղեկատվության նախարարը, որպես ձևավորված հարաբերությունների շարունակություն, ցանկություն է հայտնել Քուվեյթի մշակույթի օրեր անցկացնել նաև Հայաստանում:

Քուվեյթի արվեստի թանգարանում բացվել է հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, ուր ներկայացված էին հայ տասնմեկ նկարիչների շուրջ երեսուն աշխատանքներ: Այն մեծագույն հետաքրքրությամբ և խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից նաև վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը, որը նվիրվել է Քուվեյթի հայկական ազգային վարժարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:

Հասմիկ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քուվեյթյան կինոնախագծերի իրագործմանը, առաջարկելով գործընկերոջը հունիսին մասնագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան, մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ծանոթանալու հայկական մշակույթին, հատկապես կինոոլորտին, ապա նաև նախանշելու հետագա ծրագրերն ու անելիքները:

Մշակութային օրերի ընթացքում հանդիպումներ են կայացել նաև Քուվեյթի հայ համայնքի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքի կողմից կազմակերպվող «Հայ ավանդական մշակույթ» /Պատմական Հայաստանի յոթ գավառներ/ ազգագրական ցուցահանդեսը Հայաստանում ներկայացնելու և վիրտուալ թանգարան հիմնելու վերաբերյալ:

Կողմերը, կարևորելով նոր գործնական ծրագրի ստորագրումը, հանդիպման ավարտին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև մշակութային համաձայնագրի 2011-2012-2013 թվականների իրագործման մասին» Գործնական ծրագիրը:

Հայ-քուվեյթյան մշակութային համագործակցությանն ուղղված հաջորդ քայլը նախատեսվում է 2011թ. հունիսին, երբ Քուվեյթի նավթի և տեղեկատվության նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելի Հայաստան: