Ամերիկուհին բռունցքներով հարձակվել է Գոգենի կտավի վրա

16:18 • 04.04.11

Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահի այցելուներից մեկը հարձակվել է Գոգենի «Երկու թաիթուհիները» (1899) կտավի վրա։ Այդ մասին հաղորդում է ամերիկյան The Washington Post պարբերականը։

«Սա չարիք է» գոռալով՝ կինը փորձել է կտավը պոկել պատից ու բռունցքներով հարվածել պլաստիկե պաշտպանիչ էկրանին։ Նրան կտավից հետ է քաշել պատկերասրահի մեկ այլ այցելու։ Կնոջը ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել պատկերասրահի գույքը վնասելու ու արվեստի գործը հափշտակելու փորձ կատարելու մեջ։ Կնոջ անունը չի հրապարակվում։

Նախնական տվյալներով՝ կիսամերկ բնիկներին պատկերող կտավը չի վնասվել, թեև կազմակերպիչներն այն ուղարկել են փորձաքննության։

Կտավը պատկանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանին և Վաշինգտոնում էր գտնվում «Գոգեն. առասպելներ ստեղծողը» ցուցահանդեսի շրջանակում, որը բացվել է այս տարվա փետրվարին և շարունակվելու է մինչև հունիս։

Ցուցահանդեսում ներկայացված է 120 աշխատանք։ Պատկերասրահի տվյալ ցուցասրահում այդ ժամանակ ներկայացված է եղել 13 կտավ։ Մասնագետները մյուս նկարների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել։