Բեռլուսկոնին Կոլիզեումը փոխանցել է մասնավոր սեփականատիրոջ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հռոմեական աշխարհահռչակ Կոլիզեումը որպես սեփականություն 25 միլիոն եվրոյով փոխանցել է գործարար Դիեգո դելլա Վալլեին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Գործարարը, որը ղեկավարում է կոշիկի սրահների Tod's ցանցը, 15 տարով կոմերցիոն նպատակներով Կոլիզեումի պատկերն օգտագործելու բացառիկ իրավունք է ստացել։ Փոխարենը դելլա Վալլեն, որը Բեռլուսկոնիի մերձավոր շրջապատից է, 25 միլիոն դոլար է տրամադրելու Կոլիզեումի հիմնանորոգման աշխատանքների համար։
Tod's ընկերությունն ստանալու է բացառիկ իրավունք՝ վարձակալելու Կոլիզեումը և Իտալիայում ու երկրից դուրս օգտագործելու Ֆլավիոս արքայական դինաստիայի պատկերները, որոնց կառավարման տարիներին էլ կառուցվել է ամֆիթատրոնը։ Ընկերությանը թույլատրվել է սեփական լոգոտիպը տեղադրել նաև Կոլիզեումի մուտքերի մոտ։
Ինչպես հաղորդում է El Pais պարբերականը, Իտալիայի կառավարության ու Դիեգո դելլա Վալլեի միջև կնքված պայմանագիրն այդպես էլ չի հրապարակվել։
Իտալական UIL արհմիության ներկայացուցիչներն արդեն բողոք են ներկայացրել Հռոմի քաղաքապետարան ու ֆինանսական գվարդիա՝ նշելով, որ Կոլիզեումը գործարարին հանձնելու գործարքն օրենքի խախտում է։
Արհմիության գլխավոր քարտուղար Ջանֆրանկո Չերազոլին պնդում է, որ համաձայն երկրի Սահմանադրության՝ Կոլիզեումը կարող է պատկանել միայն պետությանը։
Նրա խոսքով՝ գործարարը ամֆիթատրոնի միջոցով կստանա 200 միլիոն եվրոյից ոչ պակաս շահույթ, քանի որ Tod's-ին իրավունք է տրվում կոմերցիոն նպատակներով օգտագործել Կոլիզեումը։ Նա ավելացրել է նաև, որ գործարքի գինը շատ ցածր է։










