Լեգենդար Կուրտ Քոբեյնի կիթառի պատվին հուշարձան են կառուցել

15:42 • 06.04.11

Nirvana խմբի լիդերի քաղաքում հուշարձան է կառուցվել Կուրտ Քոբեյնի կիթառի պատվին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Վաշինգտոն նահանգի Աբերդին քաղաքի զբոսայգիներից մեկում տեղադրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ Քոբեյնի մահվան 17-րդ տարելիցի օրը։

Քանդակը Քոբեյնի Fender Jag-Stang համերգային կիթառի բետոնե մեծ կիկնօրինակն է՝ մետաղյա ժապավենով, որի վրա դրոշմված են Nirvana խմբի On a Plain երգի բառերը։

Nirvana խումբն ստեղծվել է 1980-ականներին Սիեթլում։ Խումբը դադարեց գոյություն ունենալ, երբ 1994թ. ապրիլին խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնն ինքնասպան եղավ։ Իր գոյության ընթացքում խումբը թողարկել է 3 ստուդիական ալբոմ։

Fender Jag-Stang կիթառի մոդելն ստեղծվել էր անձամբ Քոբեյնի պատվերով ու նրա մտահղացմամբ՝ Fender Jaguar-ի ու Fender Mustang-ի դիզայնի հիման վրա։ Երաժիշտի մահից հետո կիթառը սկսեց թողարկվել սերիական արտադրությամբ։