Վուդի Ալենը պատմել է Կարլա Բրունիի բնականության և նրա ամուսնու հետ հանդիպման մասին

14:59 • 07.04.11

«Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում Կարլա Բրունի–Սարկոզին իր դերը խաղացել է «բնական, սիրուն և միանգամից»։ Այս մասին հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Վուդի Ալենը։ Նա նաև  պատմել է Կարլայի ամուսնու՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպման մասին։
«Նա (Բրունին) մարմնավորել է Ռոդենի թանգարանի էքսկուրսավարի դերը և նա պարզապես հիանալի է։ Կարլան տաղանդ ունի, սակայն ես չէի կարող նրան ավելին առաջարկել, քանի որ նա այլ պարտականություններ էլ ունի»,– RTL–ի հետ հարցազրույցում հայտարարել է Ալենը։
«Որոշ մարդիկ լուրեր էին տարածել, թե ես ցանկացել եմ Կարլային մեկ ուրիշով փոխարինել։ Ես երբեք նման մտադրություն չեմ ունեցել։ Բոլոր այն տեսարանները, որոնք գրել էի նրա համար, ֆիլմում ընգրկված են»,– հայտարարել է Ալենը։

Անդրադառնալով Նիկոլա Սարկոզիին՝ Ալենն ասել է, որ Սարկոզին նկարահանումներին որևէ կերպ չի խոչընդոտել։ Ֆրանսիայի նախագահը մեկ անգամ նույնիսկ նկարահանման հրապարակ է այցելել։ «Մենք նրա հետ պարզապես հիանալի ժամանակ անցկացրեցինք»,–նշել է Ալենը։

«Այն ամենը, ինչ Կարլայի մասին  կարդացել եք թերթերում, սուտ է։ Մենք ստիպված չենք եղել մի տեսարանը 100 անգամ նկարահանել, նա խաղացել է բնական, սիրուն և միանգամից»,–եզրափակել է Ալենը։

 Ֆիլմը նկարահանվել է 2010 թ. ամռանը։ Այն մայիսի 11–ին կցուցադրվի Կաննի փառատոնի ոչ մրցույթային ծրագրում, որից հետո կհանձնվի հանդիսատեսի դատին։