Էյֆելյան աշտարակը կվերածվի երաժշտական գործիքի

12:21 • 07.04.11

Նյույորքցի կոմպոզիտոր Ժոզեֆ Բերտոլոցին համաձայնություն է ստացել Էյֆելյան աշտարակը կառավարող ընկերությունից՝ Փարիզի խորհրդանիշը որպես երաժշտական գործիք օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Բերտոլոցիին թույլատրել են ձայնագրել որպես պերկուսիոն գործիք օգտագործելու դեպքում աշտարակի արձակած ձայները։ Այդ ձայներից հետագայում ստացվելու է երաժշտական կոմպոզիցիա։ Կոմպոզիտորի վերջնական նպատակը դրա կենդանի կատարումն է Էյֆելյան աշտարակի վրա։

Ամերիկացին առաջին անգամ չէ, որ հայտնի ճարտարապետական կառույցներն օգտագործում է որպես հարվածային գործիք։ Ավելի վաղ նա հնչյուններ էր «քաղել» Հուդզոնի վրայով ձգվող Ֆրանկլին Ռուզվելտի անունը կրող կամրջից։

Բերտոլոցիի խոսքով՝ փարիզյան հայտնի կառույցի համար պատասխանատու ընկերությունը թեև դեմ չէ աշտարակում կենդանի համերգի կազմակերպմանը, սակայն դեռ որևէ խոստում չի տվել։

Երաժիշտն արդեն ձեռնամուխ է եղել ելույթի համար գումարների հայթայթմանը։ Նա հույս ունի, որ ելույթ կունենա 2014թ.՝ Էյֆելյան աշտարակի 125-ամյակին։