Grammy-ն անվանակարգերի թիվը 109-ից հասցրել է 78-ի

17:12 • 07.04.11

ԱՄՆ ձայնագրության ազգային ակադեմիան (The Recording Academy) որոշում է կայացրել կրճատել Grammy Award հեղինակավոր մրցանակաբաշխության անվանակարգերի թիվը՝ այս տարվա 109-ի փոխարեն 2012թ. հասցնելով 78-ի։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։

Grammy մրցանակը ԱՄՆ ձայնագրության ազգային ակադեմիան շնորհում է 1958-ից։ Սկզբնական շրջանում կար ընդամենը 28 անվանակարգ, սակայն երաժշտական տարբեր ժանրերի ի հայտ գալուն զուգահեռ դրանց թիվն սկսեց անշեղորեն աճել։ Անվանակարգերի թվի կրճատումը Grammy-ի պատմության մեջ առաջինն է լինելու։

«Առկա անվանակարգերի ամբողջական քննությունն արդյունքում հանգեցրեց դրանց կառուցվածքային փոփոխությանը, որը միտված է մրցակցության ու երաժշտության աշխարհում բարձրագույն մրցանակի վարկանիշի բարձրացմանը»,- հայտարարել է ակադեմիայի նախագահ Նիլ Փորթնոուն։

Մասնավորապես, այսուհետ փոփ երաժշտության, r'n'b և քանթրի երաժշտական ժանրերի տղամարդ ու կին ներկայացուցիչները պետք է պայքար մղեն մեկ մրցանակի համար, ոչ թե երկու, ինչպես ընդունված էր նախկինում։

Մրցանակը, որը շնորհվում է տարբեր երաժշտական ժանրերում՝ դասականից մինչև ռեփ, համարվում է երաժշտական ժանրերից ամենահեղինակավորը։

Դափնեկիրներին գաղտնի քվեարկության միջոցով ընտրում են ակադեմիայի շուրջ 20 հազար անդամները։