Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

16:30 • 09.04.11

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը: Այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երևանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ:

Ինչպես հայտնում են կառավարությունից, վարչապետին է ներկայացվել Քոչարի յուրօրինակ քանդակա-գեղանկարի ստեղծման պատմությունը և բովանդակությունը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության և քանդակի յուրատեսակ համադրության ներքո պատկերված են Ադամը և Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի և լույսի ներդաշնակ միասնություն:

Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի «Նատյուրմորտ» կտավին: Մինչև մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար:

Տիգրան Սարգսյանը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, ծանոթացել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված ցուցանմուշներին: