Շվեդ գրողի «Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքի էլեկտրոնային տարբերակը ռեկորդ է սահմանել

12:37 • 09.04.11

Շվեդ հասարակական գործիչ, գրող, լրագրող Սթիգ Լարսոնի «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ վեպի էլեկտրոնային տարբերակը վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով: Այս մասին գրում է ամերիիկյան The New York Times պարբերականը:

Ինչպես նկատում է պարբերականը, ամենայն հավանականությամբ, գիրքը ռեկորդ է սահմանել: Նախկինում ոչ մի հրատարակչություն չի հայտարարել որևէ ստեղծագործության էլեկտրոնային տարբերակի՝ 1 միլիոնից ավելի օրինակով վաճառքի մասին։

Լարսոնի «Միլենիում» եռագրությունը, որի մեջ մտնում է վերոնշյալ վեպը, վաճառքի ծավալով արդեն հատել է 3 միլիոնի սահմանագիծը: The New York Times-ի տվյալներով` ԱՄՆ-ում ամսվա կտրվածքով տարբեր ֆորմատներով վաճառվում է գրողի եռագրության շուրջ 500 հազար օրինակ:

Շվեդ գրողը հասցրեց ավարտել «Միլենիումի» միայն երեք հատոր, որոնք պատմում են լրագրող Մայքլ Բլումկվիստի ու ծրագրահեն Լիսբեթ Սալանդերի արկածների մասին:

Լարսոնի մահից հետո (2004թ.) նրա գրքերը դարձան բեսթսելերներ: