Բրյուսովի անվան համալսարանում բացվեց Կոնֆուցիուսի կիսանդրին (տեսանյութ)

19:37 • 11.04.11

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց չին հայտնի փիլիսոփա Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության երկամյակը։ Համալսարանում տեղադրվեց նաև Կոնֆուցիուսի կիսանդրին։ Միջոցառմանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունը։

Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը համալսարանի գիտխորհրդի անունից ոսկե մեդալ շնորհեց Լի Չանչունին։
Ըստ ռեկտորի՝ Հայաստանում չինարեն սովորել ցանկացողների թիվը քիչ չէ։ Կոնֆուցիուսի ինստիտուտի սաները տարբեր տարիքային խմբի են պատկանում՝ նրանցից ավագը 60 տարեկան է, կրտսերը՝ 7:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործում է նաև չինական մշակույթի փորձարարական կենտրոն։

Լի Չանչունը նշեց, որ չնայած Հայաստանն ու Չինաստանը տարածքով միմյանցից հեռու են, սակայն երկու երկրների ավանդական բարեկամությունը շարունակվում է։