Կաննի 64-րդ կինոփառատոնը կբացի Վուդի Ալենի «Կեսգիշեր Փարիզում» ֆիլմը
Հրապարակվել է Կաննի 64-րդ կինոփառատոնի ծրագիրը։
Մրցանակի հավակնորդների ցանկը, ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, հրապարակվել է երեկ Փարիզում կայացած ասուլիսի ժամանակ։
Կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրում ներառված է 19 ֆիլմ։ Դրանց թվում են Լարս ֆոն Թրիերի «Մելամաղձությունը», որը պատմում է աշխարհի վերջին սպասող մարդկանց մասին, Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ», Տորենս Մալիկի «Կյանքի ծառը» ֆիլմերը։ Վերջինս Կաննում 1987թ. մրցանակ էր ստացել իր «Հունձի օրերը» ֆիլմի համար։
Կաննի 64-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 11-22-ը։ Այն կբացի Վուդի Ալենի «Կեսգիշեր Փարիզում» ֆիլմը՝ Օուեն Վիլսոնի ու Ռեյչել Մակ-Ադամսի գլխավորությամբ։ Ժապավենում էպիզոդիկ դեր է խաղացել Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Կառլա Բրունին։
Կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի կազմը կղեկավարի դերասան Ռոբերտ դե Նիրոն, իսկ «Հատուկ հայացքի» ժյուրիի կազմը՝ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Անիմացիոն ֆիլմերը հանձնվել են ռեժիսոր Միշել Գոնդրիի դատին։
Մրցութային ծրագրից բացի՝ նախատեսվում է ցուցադրել այնպիսի ֆիլմեր, օրինակ՝ Ռոբ Մարշալի «Կարիբյան ծովի ծովահենները-4» և Ջոդի Ֆոսթերի «Բոբեր» ֆիլմերը։
Անցած Կաննի կինոփառատոնի հաղթող էր ճանաչվել Ապիչատպոնգ Վիրասետակունի «Քեռի Բունմին, որը կարողանում էր հիշել իր նախորդ կյանքերը» ֆիլմը։










