Ռիհաննան ու Էմինեմը՝ Billboard-ի մրցանակի հիմնական հավակնորդներ
Ռիհաննան ու Էմինեմը Billboard երաժշտական ամսագրի կողմից շնորհվող մրցանակի հիմնական հավակնորդներն են։ Այս մասին նշված է հրատարակության կայքում։
Ռիհաննան հավակնում է 18 մրցանակի։ Մասնավորապես, նա առաջադրվել է «Լավագույն կատարող», «R&B ժանրի լավագույն կատարող» անվանակարգերում։ Երգչուհին 6 անվանակարգի է հավակնում շնորհիվ ռեփեր Էմինեմի հետ համատեղ ձայնագրած Love the Way You Lie թրեկի։ Երգչուհու կատարմամբ երգի կրկներգը տեղ է գտել 2010թ. լույս տեսած Էմինեմի Recovery ալբոմում։
Ինքը՝ Էմինեմը, մրցանակի է հավակնում 16 անվանակարգում։ Ինչպես Ռիհաննան, երգիչն առաջադրված է «Լավագույն կատարող» անվանակարգում։ Այս անվանակարգում մրցանակի են առաջադրվել նաև Լեդի Գագան, Ջասթին Բիբերը և Թեյլոր Սվիֆթը։
Մրցանակի հավակնորդների թվում Լեդի Գագան երրորդ տեղում է։ Երգչուհին հավակնում է 12 մրցանակի, ընդ որում, «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմի» են հավակնում նրա միանգամից երեք աշխատանքները՝ The Fame-ը, The Fame Monster-ը և The Remix-ը։
Billboard-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Լաս Վեգասում մայիսի 22-ին։










