Այսօր լրանում է ուկրաինահայ ռեժիսոր Ռոման Բալայանի 70–ամյակը
Այսօր լրանում է հայտնի կինոռեժիսոր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանի 70 ամյակը։ Տարեդարձի կապակցությամբ Բալայանին շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հայտնում է Korrespondent.net կայքը։
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ. ապրիլի 15–ին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 1961–1964թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարոգոյի անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։
Կինոյի բնագավառում առաջին քայլերը Բալայանը սկսել է 1973 թ.՝ նկարահանելով Эффект Ромашкина ֆիլմը։ Նրան մեծ հռչակ է բերել հատկապես Полеты во сне и наяву ֆիլմը։
2008 թ. հոկտեմբերի 18–ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ռոման Բալայանին «Սկյութական եղջերու» շնորհեց՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։










