Հայտնաբերվել են Ուոլթ Ուիթմենի անհայտ ձեռագրերը
ԱՄՆ ազգային արխիվներում հայտնաբերվել է բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի ձեռագիր շուրջ 3 հազար փաստաթուղթ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Ուիթմենը դրանք գրել է Արդարադատության նախարարությունում գրագիր աշխատելու տարիներին՝ 1865-1874թթ.։ Այդ ժամանակ նրա պարտականությունների մեջ էր մտնում նաև ուրիշների նամակներն արտագրելը։
Փաստաթղթերում շոշափվում են տարբեր թեմաներ՝ պետական դավաճանության մեղադրանքներից մինչև զինվորական հանցագործություններ, Կուկլուս կլանի ազդեցության ուժեղացումից մինչև Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծաղիկ հիվանդությունը որպես զենք օգտագործելու փաստերի արձանագրում։
Չնայած այն բանին, որ գրողն այդ նամակների հեղինակը չէ, այլ միայն պատճենել է դրանք, գիտնականների համար այն գտածոյի արժեք է ներկայացնում։
Ուիթմենի էլեկտրոնային հսկայական արխիվի հիմնադիրներից պրոֆեսոր Քենետա Փրայսի կարծիքով՝ այդ փաստաթղթերի պարունակությունն ազդել է գրողի աշխարհայացքի ձևավորման վրա, ինչը կարող է ուսումնասիրության լավ հիմք ծառայել բանաստեղծի հետագա կենսագիրների համար։ Բացի այդ՝ պրոֆեսորը կարծում է, որ գտածոն թույլ կտա «լույս սփռել» 1871թ. հրատարակված «Դեմոկրատական հորիզոններ» ստեղծագործության վրա, որտեղ գրողը խորհրդածում է քաղաքականության շուրջ։
Ուիթմենը ծնվել է 1819թ. Նյու Յորքում, մահացել 72 տարեկան հասակում։ Բանաստեղծություն կառուցելու նորարարական մոտեցումների շնորհիվ նա ճանաչվել է որպես ամերիկյան գրականության ամենահայտնի պոետ։ Մասնավորապես, նա առաջիններից էր, ով սկսեց օգտագործել վերլիբրը՝ ազատ բանաստեղծությունը, որը ենթադրում է հրաժարում կոմպոզիցիայի խիստ հանգավորումից։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունը 1855թ. լույս տեսած «Խոտի տերևներ» ժողովածուն է։










