«Հայերի դատը մարդկության դատն է». նոր բեմադրություն` պրոֆեսիոնալների և երեխաների մասնակցությամբ
«Մենք կասենք` բավ է սգանք»,- այսօր «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացման շնորհանդեսի ժամանակ նշեց գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանը:
Ներկայացումը Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքում բեմադրվել է Սանկտ-Պետերբուրգում և, ըստ բանախոսների, ունեցել է մեծ արձագանք: Նոր դերասանական կազմով Հայաստանում այն առաջին անգամ է ներկայացվում: Ներկայացումը Stage 7 դերասանական ստուդիայի շուրջ 30 սաների և արհեստավարժ դերասանների մասնակցությամբ արդեն իսկ այսօրվանից կներկայացվի հայ հանդիսատեսի դատին:
Բեմադրության սցենարի հեղինակ և բեմադրիչ Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ սա այն ներկայացումներից է, որ խրթին է, եղեռնի վերաբերյալ է, բայց` առանց լացուկոծի, զոհերին հիշելով, մեծարելով, պատվելով և առաջ գնալով: «Հանկարծ եթե մեկը փորձում է լացել, մեր գլխավոր կերպարը` շինարար Մարգարը, սաստում է` լացը լաց է բերում,- նշեց նա:- Լացի հետևում պախկվելով շատ հեշտ է խուսափել գործ անելուց` ծնել, պահել, մեծացնելն ավելի դժվար է, քան լացելը»:
Ըստ նրա` նորովի ներկայացվող հայոց վերհառնումի հիմնական ուղերձն է՝ «հայ ազգ, քո միակ փրկությունը քո հավաքական կերպարի մեջ է»: «Սա ոգեկոչ ներկայացում է` հայրենասիրական, դաստիարակչական ոգով, այն սնում է, պնդում, կարծրացնում ոգիները»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը:
Ներկայացումը տևում է մոտ 90 րոպե` մեկ գործողությամբ. «Վստահ եմ, չեք ձանձրանա, շատ հետաքրքիր է ու նոր»: Տոմսերը չեն վաճառվում և ստեղծագործական խումբը ձգտելու է այն միշտ ներկայացնել անվճար. «Եթե մի քիչ խելամիտ գտնվեն մարդիկ, կօգնեն այս գործին,- ասաց բեմադրիչը,- այս ներկայացումը պիտի լինի դպրոցից մինչև 150 տարեկան մարդկանց համար, թող բարձր չհնչի, սեղանի գիրք»:
Ինչպես նշեց գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանը՝ այսօրվա ամենաանհրաժեշտ կերպարներից է Մարգար պապը, ով երբեմն-երբեմն կոչ է անում, պահանջում երեխաներ ունենալ, ապրել ու արարել, անցյալը ողբալը թողնելով: «Մենք այսօր կարիք ունենք պերսոնաժների,- ասաց նա,- ղարիբ լինելը մեզ պարտադրված է և մենք սա արդարացնում ենք` հայի բախտ ասելով: Բայց մենք կարող ենք դա չընդունել, ըմբոստանալ դրա դեմ և ապրել արարումով»:
Ըստ նրա` գովելի է, որ մասնակցում են ստուդիայի երեխաները. «Եթե միայն պրոֆեսիոնալներ լինեին, կստացվեր պլակատ, սակայն մանկական անմիջականությունը պահպանում է ներկայացման մեջ նորի և անկեղծության ոգին»:










