Թուրքիայում հայերեն լույս է տեսել Հովհ. Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը

19:13 • 22.04.11

Սուրի (քաղաք Դիրաբեքիրում,– Tert.am) քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայերեն և թուրքերեն լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հեքիաթն առանձին գրքի տեսքով հրատարակվել է Սուրի քաղաքապետ, «Ժողովրդավարություն և խաղաղություն» քրդամետ կուսակցության անդամ Աբդուլլահ Դեմիրբաշի գլխավորությամբ մեկնարկած «Ամեն գիշեր մեկ հեքիաթ» նախաձեռնության շրջանակում։

Դեմիրբաշը նշել է, որ այդ նախաձեռնությամբ ցանկանում են նպաստել իրենց շրջանում ապրող յուրաքանչյուր համայնքի մայրենի լեզվի զարգացմանը։

Գրքի շնորհանդեսին ներկա են գտնվել Դիարբեքիրում բնակվող ազգությամբ հայ գրող Մկրտիչ Մարկոսյանը և մի շարք քուրդ մտավորականներ։ Կարևորելով Սուրի քաղաքապետարանի նախաձեռնությունը՝ Մարկոսյանն ասել է. «Շատ կարևոր է հայերեն գրքի հրատարակումը, որովհետև երկար ժամանակ այս տարածաշրջանում ապրած ժողովրդի լեզուն և մշակույթը, ցավոք, ամբողջությամբ կործանվելու եզրին է։ Դիարբեքիրում միայն մեկ հայ ընտանիք կա»։