Լույս է տեսել « Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանը

13:06 • 12.12.11

Դեկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանի շնորհանդեսը: Երկհատորյակը կազմված է 12 բաժնից: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական–վերլուծական կենտրոնից հայտնում են, որ հրատարակությունը կենսագրական տեղեկություններ է պարունակում հին ժամանակներից մինչև մեր օրերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի ավելի քան 50 երկրներում հայտնի 1236 պատվարժան հայ կանանց մասին, ովքեր փառավորել են իրենց հայրենիքը, անջնջելի հետք թողել տարբեր բնագավառներում եւ տարբեր երկրներում:

Հանրագիտարանում ամփոփված են տեղեկություններ բժշկության և գիտության, գրականության և թատրոնի (կինո, կրկես), երաժշտական աշխարհի և պարարվեստի, նկարչության և սպորտի, ճարտարապետության և շինարարության, ազգային-ազատագրական շարժման, պետական, հասարակական գործունեության և բարեգործության բնագավառներում հայտնի հայուհիների, նույնիսկ դիցուհիների, թագուհիների, իշխանուհիների, սրբերի մասին:

«Հայուհիներ» հանրագիտարանը լույս է տեսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությամբ: Հանրագիտարանի խմբագրական խորհրդի գլխավոր խմբագիրն է գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: Հանրագիտարանում հայ հերոսուհիներին դրվատանքի խոսքեր են ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՊՀ հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը, ՀՀ բանակի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, Նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, լրագրող, մարզական մեկնաբան Ալեքսանդր Գրիգորյանը:

Հանրագիտարանը հրատարակել է «Ամարաս» հրատարակչությունը: