36 արվեստագետների աշխատանքները ներկայացնող պատկերագիրք է հրատարակվել
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը համատեղ իրականացրել են մի ծրագիր, որի արդյունքում լույս է տեսել Հայաստանի անկախության ժամանակաշրջանը ներկայացնող 36 արվեստագետների կերպարվեստի աշխատանքների ամփոփ պատկերագիրքը: 166 էջանոց պատկերագրքում յուրաքանչյուր արվեստագետ երեք եջով ներկայացնում է իր աշխատանքները:
«20 տարի առաջ ՀՀ–ն նորովի վերագտավ իր անկախությունը և սկսեց բարեփոխումներ:
Բայց անցումային շրջանը Հայաստանի համար երկարատև էր ու ցավագին, երբ ձեռքբերումների կողքին եղան նաև կորուստներ: Եվ հենց դա էր պատճառը, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղան այս ծրագրի իրականացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշատական համակարգող Դաֆինա Գերչևան: Նրա խոսքով` պատկերագիրքը հնարավորություն է աշխարհին ցույց տալ և ներկայացնել հայ ժամանակակից արվեստի ամենատաղանդավոր գործերը, մատույցներ տրամադրել այդ արվեստագետներին դեպի միջազգային արվեստի շուկա, և ևս մեկ անգամ ներկայացնել Հայաստանը աշխարհին՝ որպես հարուստ մշակույթի կրող:
Դաֆինա Գերչևան հայտնեց, որ ինքը այդ գրքի մի քանի օրինակներ կտանի Նյու-ՅՈՐՔ, Ժնև և Հռոմ, այսինքն՝ այն քաղաքներ, ուր գտնվում են ՄԱԿ-ի գրասենյակները: «Ես մեծ պատրաստակամությամբ իմ բոլոր ճանապարհորդությունների ընթացքում ինձ հետ կտանեմ այդ գիրքը, ցույց կտամ շատերին և կներկայացնեմ Հայաստանի հարուստ մշակույթը»,- ասաց Դաֆինա Գերչևան:
Պատկերագրքի հեղինակ արվեստաբան Լիլիթ Սարգսյանն ասաց, որ արվեստագետների ընտրության հարցը այս ծրագրի ամենացավոտ հարցերից մեկն է, պարզապես եղել են պարտադիր պահանջներ, այն է`արվեստագետները պետք է լինեն հայաստանաբնակ, ներկայացնեն հետանկախության ժամանակաշրջանի Հայաստանը, ապակենտրոնացման առաջնահերթությունը ապահովելու համար պետք է ներգրավված լինեին արվեստագետներ Հայաստանի տարբեր շրջաններից:
«1995թ-ից հետո մենք այսպիսի ամփոփ գիրք չենք ունեցել. ներկայացված է կերպարվեստը, տեխնիկական խնդիրներից ելնելով վիդեոարտը չի ներկայացվել պատկերագրքում: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, արվեստի ներկայացման պրակտիկայի միտումն է նվազում, ցուցահանդեսի պրակտիկան կորցնում է նշանակությունը հենց արվեստագետների համար, սա թելադրված է սոցիալական ծանր պայմաններով:
Արվեստագետի պահանջներն այսօր այլ են, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրաձայնել այն, որ մեր մշակութային դաշտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, որը կապված է անկատար օրենսդրությունը բարեփոխելու հետ։ Պետք է զարկ տալ մեկենասային ինստիտուտին, որն էլ կապված է հարկային դաշտի հետ»,- ասաց Լիլիթ Սարգսյանը:
Նրա խոսքով` Հայստանն ունի չափազանց մրցունակ երիտասարդ արվեստագետներ, և նրանք կարիք ունեն ներկայացնելու իրենց արվեստը Հայաստանից դուրս , և այս պատկերագիրքը հենց այդ հնարավորությունն է:
Հիշեցնենք, որ այսօր Նկարիչների միությունում տեղի կունենա գրքի շնորհանդեսը։ Գիրքը վաճառքի է դրվելու 10 000 դրամով:










