Եվրահանձնաժողովի ընտրված նախագահը պատրաստ է ԵՄ-ի ներսում Լոնդոնի համար հատուկ պայմաններ ստեղծել

16:03 • 09.07.14

Մեծ Բրիտանիան կկարողանա վերադարձնել ազգային խորհրդարանին լիազորությունների մի մասը, որոնք ավելի վաղ պատվիրակվել են Եվրամիության բարձրագույն մարմիններին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Ժան-Կլոդ Յունկերը, գրում է ИТАР-ТАСС-ը: Եվրախորհրդարանի պատգամավորների խմբի հետ տեղի ունեցած գաղտնի խորհրդակցությունների ընթացքում Յունկերը հայտարարել է «Լոնդոնի հետ լիազորությունների մի մասը հետ վերադարձնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու» պատրաստակամության մասին: «Մեծ Բրիտանիան չափազանց կարևոր է ԵՄ-ի համար, ես չեմ ցանկանում, որ Լոնդոնը դուրս գա Եվրամիությունից»,- ընդգծել է նա:


Անցած ամիս Եվրամիության վեհաժողովում Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերն ընտրվել է ձայների մեծամասնությամբ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու: Դեմ են քվեարկել Մեծ Բրիտանիան և Հունգարիան:


Լոնդոնի բացասական դիրքորոշումը Յունկերի թեկնածության վերաբերյալ բացատրվում է ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի մտահոգություններով, ով նրա մեջ տեսնում է ֆեդերալիստի և ԵՄ հետագա ինտեգրման աջակցի: