Տնտեսագիտություն, կառավարում, ՏՏ ոլորտ. դիմորդների ամենապահանջված մասնագիտությունները

21:45 • 09.07.14

Այս և նախորդ տարիների ընդունելության քննությունների արդյունքում ընտրված մասնագիտությունների մրցութային պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտություններն են՝տնտեսագիտությունը, կառավարումը, կիրառական մաթեմատիկան, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը և իրավաբանությունը:


Այս մասին Tert.am –ին հայտնեց Գնահատման և թեսթավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:


Հիշեցնենք, որ Կառավարության կողմից գերակա են ճանաչվել ՏՏ, բնական գիտությունների, հայագիտության, արվեստի, գյուղատնտեսության և մի քանի այլ ոլորտներ:


Ի պատասխան հարցի, թե դիմորդների կողմից պահանջված մասնագիտությունները համընկնու՞մ են Կառավարության կողմից պահանջված մասնագիտությունների հետ, Արա Իսպիրյանն ասաց.«Կառավարությունն այդ մասնագիտությունները գերակա է ճանաչել, որպեսզի դիմորդների հոսքն այնտեղ գնա, և նախորդ տարիների համեմատ աճ կա, բայց դեռ այնպես չէ, ինչպես մենք կցանկանայինք: Դեռևս թափուր տեղեր ունենում ենք, օրինակ՝ համալսարանի և այլ բուհերի բնագիտական ֆակուլտետներում»:

 

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Tert.am –ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանը սպասարկման ոլորտում մասնագետների մեծ պահանջարկ ունի, և մասնագետների պակասի պատճառով գործատուները ստիպված աշխատանքի են վերցնում ոչ մասնագետների:


«Սպասարկման ոլորտի մակարդակը բավականին ցածր է»,-նկատեց նա: Նա նշեց նաև, որ միջազգային պայմանագրերի գիտակ օֆիսային մենեջերների պակաս ևս ունենք, թեև իրավաբանների, միջազգայնագետների, տնտեսագետների, բժիշկների առաջարկը պահանջարկից շատ է, որովհետև այսօր շատերը նախընտրում են այդ մասնագիտություններով կրթություն ստանալ, իսկ հետո դժվարությամբ են աշխատանք գտնում:


Սոցիոլոգը կարծում է, որ մարզերում բժիշկների, ուսուցիչների պակաս չկա. անհրաժեշ է ուսումնասիրել հանքարդյունաբերության ոլորտը, որովհետև մասնագետների պակաս կա ա´յդ ոլորտում:


«Բանվորական մասնագետների պակաս շատ կա այսօր»,-ասաց նա: Սոցիոլոգը նկատեց, որ նախկինում արհեստներն ավելի շատ էին խրախուսվում, քան հիմա, քանի որ մեր խոշոր գործարանները փակվել են, շատ մասնագետներ արտագաղթել են երկրից: