Միակողմանի զիջումների մասին հայտարարություններ անելու փոխարեն պետք է մտածել ԼՂ ինքնորոշման հարցի լուծման ուղղությամբ. Ս. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ անում է միակողմանի զիջումների մասին հայտարարություններ անելու փոխարեն մտածել Lեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի լուծման ուղղությամբ: «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի շահերից է բխում յոթ շրջանի վերադարձը` հանած միջանցքը, Սեյրան Օհանյանը նշել է. «Մեկը մյուսին զիջելն ի՞նչ է նշանակում, եթե զիջումը միակողմանի է: Թող մտածեն ԼՂ ինքնորոշման հարցը լուծելու մասին, իր պապական տարածքում ինքնորոշվելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ: Մնացածը, ինչ փոխզիջում կլինի, բոլորը քաղաքական և ռազմական փորձագիտության արդյունք կլինի»,- ասել է Օհանյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Asekose.am կայքին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկայացված 6 կետերը վաղուց ի վեր հայտնի են:
«Ուորլիքը հավատացած էր, որ անհրաժեշտ է, որ այդ սկզբունքերը հասարակությանը ներկայացվեն, որպեսզի դրանք ի վերջո հաջողություն ունենան: Ես և Ադրբեջանում մեր դեսպանը համակարծիք ենք, որ թեման այնքան է սառեցված եղել, որ հասարակության մեջ այդ սկզբունքների վերաբերյալ ը դհանուր ընկալումը բացակայում էր: Ուորլիքը ցանկացել էր իր ելույթով հանրային բանավեճ ձևավորել: Կարծում եմ, որ նա այդ հարցում հաջողության հասել է: Երկրորդ նպատակն այն էր, որ խաղաղության հետ կապված ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է տարբերակում` բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքների միջև: Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի: Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը: Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի»: Դեսպանի հայտարարությանը ի պատասխան, «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես կարտահայտվի և լուծման ինչ ճանապարհ կարտահայտի, Արցախի տեսակետը մնում է նույնը` վերադարձ նախկին սահմաններին և նախկին իրավիճակին չի լինելու:
«Վերադարձ անցյալին` լինի դա կարգավիճակի կամ սահմանների հարցում, անհնար է: Մենք պայքարել ենք մեր անկախության, անվտանգ և լավ ապրելու համար: Ցանկացած հայտարարություն, որն իր մեջ կպարունակի առաջարկ` վերադարձ նախկին սահմաններին, կործանարար կլինի Արցախի համար»,- շեշտել էր Դավիթ Բաբայանը:










