Սահմանադրական բարեփոխումները պիտի պայմանավորված չլինեն այս կամ այն անձով. Գագիկ Հարությունյան

11:19 • 10.07.14

Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե առաջին անգամ է, որ հայ իրականության մեջ կարևորագույն նշանակության խնդիրը՝ ընդհուպ մինչև որոշման եզրին հասնելը, հանրային այսպիսի քննարկումների է ենթարկվում:


«Սա կատարվում է՝ նկատի ունենալով, որ լուծումները պայմանավորված չպիտի լինեն այս կամ այն անձով, անգամ կոնկրետ քաղաքական ուժի նկրտումներին սրանք չեն վերաբերում, այլ վերաբերում են յուրաքանչյուրին, ոչ միայն այսօրվա, այլև ապագա սերունդներին»,-ասաց Գագիկ Հարությունյանը:


Համաժողովն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի օժանդակությամբ, որի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հայտնեց, որ մի խումբ իրավաբաններ, սահմանադրական իրավունքի մասնագետներ կատարել են հայեցակարգի նախնական վերլուծություն և էմպիրիկ հետազոտություն մի շարք ՀԿ-ների և հասարակության շրջանում:


Ըստ Լարիսա Մինասյանի՝ Սահմանադրությունն ամենալայն հասարակական համաձայնությունն է. «Այս պատճառով հասարակությունը պետք է ունենա ոչ միայն գիտելիք դրա մասին, այլ՝ լինի դրա մշակման անմիջական մասնակիցը: Սա միջոց է ինչ-որ ձևով սկսել քննարկումներն ու մասնակցությունը, որը մինչ օրս բավարար չի ծավալվում: Բավարար չծավալվելու պատճառն այն է, որ այն միջոցը, որտեղ հասարակական քննարկումներ պիտի ծավալվեն՝ մամուլն ու հեռուստատեսությունը, բավականաչափ պրոակտիվ չեն»:


Այնինչ, ըստ Լարիսա Մինասյանի, սահմանադրական փոփոխություններին որքան լայն շերտերով մասնակից դառնա հասարակությունը, այնքան այն կլինի երկրի համար ընդունելի: Վերջինիս խոսքով՝ ազգային նշանակության կարևորագույն հարցերը չեն ստանում բավական արձագանք, մասնավորապես՝ նաև ամենաբարձր կառավարման օղակներում՝ որտեղ որոշումներ են կայացվում, իսկ դրանց մասին մամուլից կամ հպանցիկ ճեպազրույցներից տեղեկություն է ստանում հասարակությունը՝ «պոստ ֆակտում»:


Այս համատեքստում Լարիսա Մինասյանն ասաց. «Դա ոչ պատասխանատու և ոչ հաշվետու քաղաքականության ձև է, և այստեղից էլ գալիս է այն, որ հասարակության մասնակցությունը ցածր է, ապատիան՝ բարձր: Հասարակության անվստահությունը աղետալի մակարդակի է դեպի բոլոր ինստիտուտներ՝ սկսած հ/կ-ներից մինչև հանրային ոլորտներ»: