ՄԱԳԱՏԷ. Իրաքում գրոհայինների կողմից հափշտակված ուրանը վտանգ չի ներկայացնում

12:59 • 10.07.14

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է, որ ուրանը, որը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքում հափշտակել են  լաբորատորիայից, հավանաբար հարստացված չէ և վտանգ չի ներկայացնում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:


Ավելի վաղ Իրաքի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ին գրոհայինների կողմից միջուկային նյութեր հափշտակելու մասին: Ինչպես հաղորդվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մոհամեդ Ալի ալ-Հաքիմի նամակում, ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել մոտ 40 կիլոգրամ ուրանի միացություն, որը պահվում է Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքում:


ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Ջիլ Տյուդորը հայտարարել է, որ գործակալությունը «տեղյակ է Իրաքից նամակի մասին և կապեր է պահպանում մանրամասները պարզելու համար»:


«Նախնական տեղեկություններով՝ նյութերը հարստացված չեն և լուրջ վտանգ չեն ներկայացնում»,- ասել է Տյուդորը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալ-Հաքիմն իր նամակում նշել է, որ նման նյութերը «կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար»: